Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ռուս-ամերիկյան հարաբերություններն ու Հարավային Կովկասը

Ռուս-ամերիկյան հարաբերություններն ու Հարավային Կովկասը
10.07.2009 | 00:00

ՀՐԹԻՌՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՂԱՐԱԲԱՂ
Վաղուց մոռացված բանակցությունները Քի-ՈՒեսթում 2001-ին կարող էին ավելի նշանակալի նյութ ծառայել քաղաքական վերլուծության համար։ Սակայն Քի-ՈՒեսթը գործնականում չեն հիշում, չնայած ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շուրջ այսքան հզոր արտաքին քաղաքական ապահովմանը։ Ժամանակին Քի-ՈՒեսթի հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը մեկնեց լուրջ մտավախություններով։ Սակայն բացարձակ պատրաստակամությամբ համաձայնեց այն փոխզիջման հետ, որը, ի դեպ, այնքան էլ նման չէր «փոքրիկ կապիտուլյացիայի»։ Բանակցությունների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն իր համար անսպասելիորեն պարզեց, որ միանգամայն հնարավոր է չհանձնել այն, ինչ ենթադրվում էր հանձնել, ինչպես նաև իրականում ոչ ոք մտադրություն չունի ճնշում գործադրելու Հայաստանի վրա։ Միաժամանակ, այդպես էլ չհասկացվեց, որ այդ ամբողջ բեմադրությունը Քի-ՈՒեսթի բանակցությունների շուրջ ոչ մի առնչություն չուներ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ։ Ջորջ Բուշի վարչակազմի քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկն էր ռազմավարական նշանակության միջուկային հրթիռների պրոբլեմը և, առհասարակ, հրթիռային կոմպլեքսի հետ կապված բոլոր հարցերը, որոնք շաղկապված էին ոչ միայն ամերիկյան արտաքին, այլև ներքին հիմնախնդիրներին և պայմանավորված էին ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրի շահերով։ Ջորջ Բուշի թիմին անհրաժեշտ էր հենարան ոչ միայն և ոչ այնքան նավթային ընկերությունների պարագայում, որքան բարձր տեխնոլոգիական արտադրություն ծավալող ամերիկյան ընկերությունների։ Եթե որևէ մեկին այս վարկածը թվում է ոչ իրատեսական, ապա կարող են առաջարկել այլ վարկած, որը տարբերվում է «մակերեսի վրա գտնվող» փաստերի պարզունակ թվարկումից։ Այս վարկածը շատ կարևոր է վերլուծության համար, քանի որ Ջորջ Բուշի նախագահության ամբողջ ժամանակահատվածը սերտորեն կապված է «հրթիռային հարցի» և ղարաբաղյան հիմնախնդրում ինչ-որ բան նախաձեռնելու հետ։ Դա իր հերթին պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ ամբողջ ճակատով ճնշման լծակներ ստեղծելու ԱՄՆ-ի քաղաքականությամբ և նպատակ ուներ պարտադրել ԱՄՆ-ի շահերի բավարարումը «հրթիռային հարցում» և այլ, այդ թվում` աշխարհաքաղաքական, հիմնախնդիրների հետ կապված։
2009-ի հուլիսյան այս օրերին Բարաք Օբամայի այցելությունը Մոսկվա նույնպես կապված է ռազմավարական նշանակության միջուկային սպառազինությունների և այլ «հրթիռային հարցերի» լուծման հետ և ուներ միանգամայն դրական բնույթ։ Չնայած, ամերիկացիները դիտավորյալ են ձգձգում այլ պրոբլեմների լուծումը, առաջ քաշում տարածաշրջանային բնույթի խնդիրներ, այդքանով հանդերձ ռազմավարական նշանակության միջուկային սպառազինությունների վերաբերյալ նոր պայմանագիրը կստորագրվի։ Հիշատակելով վրացական հիմնախնդիրը, որը գործնականում ղարաբաղյան հիմնախնդրի անալոգը լինելով` տարածաշրջանային ճնշում գործադրելու լծակի դեր է կատարում, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, կարծես, պայմանավորվեցին Աֆղանստանի շուրջ համագործակցության վերաբերյալ։ Ընդ որում, Բարաք Օբաման համառորեն շաղկապում էր այս թեման Պակիստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Որովհետև ԱՄՆ-ը չի կարող իրեն թույլ տալ բացառել Ռուսաստանի հետ հակադրություն ստեղծելու բոլոր հնարավորությունները, քանի որ կարող է զրկվել հիմնական ճնշման լծակներից Ռուսաստանի նկատմամբ վարվող իր արտաքին քաղաքականության մեջ։ Սակայն, եթե դեպի Կենտրոնական Ասիա-Աֆղանստան բեռնափոխադրումների շուրջ պայմանավորվածությունները դառնան իրական, արդեն չխոսելով հետախուզական բնույթի համագործակցության մասին, այդ ամենը հիմնովին կփոխի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ իրադրությունը։ Խոսքն այն մասին է, որ ռուս-ամերիկյան այդպիսի համագործակցությունը զգալի նշանակություն կունենա ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիայի դերի և գործառույթների նվազման առումով, և դա ամենից առաջ Կենտրոնական ու Հարավային Ասիայում։ Ռուսաստանի քաղաքականությունը, որ հատկապես 2007-2009-ին ուղղված էր Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայության սահմանափակմանը, հանգեցրել է ԱՄՆ-ի ռազմավարության մեջ Թուրքիայի դերի մեծացման, այնքան, որ ամերիկացիները սկսել էին նախապատվություն տալ Թուրքիայի կողմից մատուցվող ծառայություններին։ «Մանաս» ռազմաօդային բազայի հետ կապված` ռուսական նախաձեռնությունն անմիջականորեն հարկադրեց ԱՄՆ-ին դիմելու Անկարային` բեռնափոխադրումների և բազավորման հետ կապված հարցերով, որպեսզի հնարավոր լինի լուծել խնդիրները Կենտրոնական ու Հարավային Ասիայում։ Միաժամանակ, այդ պայմանավորվածությունները կարող են հանգեցնել գլոբալ նշանակության լուրջ պրոբլեմների։
Խնդիրն այն է, որ Բարաք Օբամայի վարչակազմը բոլորովին էլ չի հանդիսանում Կենտրոնական ու Հարավային Ասիայում ԱՄՆ-ի ծրագրերի հեղինակը։ Դրանք մշակվել են Ջորջ Բուշի վարչակազմի օրոք, միգուցե և ավելի վաղ։ Խոսքը լայնածավալ ծրագրի մասին է` Չինաստանի էքսպանսիան առավել խոցելի արևմտյան ուղղությամբ զսպելու համար։ ԱՄՆ-ն այդ խնդիրը քիչ թե շատ հաջողությամբ լուծում է Հեռավոր Արևելքում ու Հարավարևելյան Ասիայում։ Այսինքն, այն տարածաշրջաններում, որտեղ պետությունները գրեթե հանդիսանում են ԱՄՆ-ի ենթակաները կամ գործընկերները։ Բոլորովին այլ է իրավիճակը Կենտրոնական ու Հարավային Ասիայում, ուր տեղի են ունենում վտանգավոր ու անկառավարելի գործընթացներ։ Իհարկե, Պակիստանի և Աֆղանստանի հետ կապված` այդ խնդիրների լուծումն ինքնաբավ նշանակություն ունի, սակայն ԱՄՆ-ի այդ քաղաքականության արդյունքում, այսպես թե այնպես, պետք է ապահովվի Չինաստանին զսպելու խնդիրը։ Միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանը որքանո՞վ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ, հասկանալով, որ Չինաստանն այդ համագործակցությունը կդիտարկի Մոսկվայի կողմից առնվազն ոչ բարեկամական քայլ։ Եվ ինչո՞ւ է Ռուսաստանը գնում դրան, եթե միաժամանակ փորձում է իր քաղաքականությունը կառուցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։
Ռուսաստանը վերջնականապես իր համար պարզել է, որ առանց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման չի կարող դուրս գալ արտաքին քաղաքական մեկուսացումից և հաղթահարել միջազգային ասպարեզում աջակցության բացակայությունը, ինչն առկա է վերջին տարիներին։ Դեռ երբեք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ռուսաստանը չի հայտնվել այդպիսի խոր մեկուսացման մեջ, ինչպես հիմա, և դա պայմանավորված է նրանով, որ Մոսկվայում ակնհայտորեն գերագնահատեցին ԱՄՆ-ի և Եվրամիության միջև հակասությունների հանգամանքն իրենց շահերի տեսանկյունից։ Բացի այդ, Ռուսաստանը համարում էր, որ համագործակցությունը Չինաստանի հետ ՇՀԿ-ի շրջանակներում կհանգեցնի իր դիրքերի ամրապնդմանն աշխարհում։ Եվրամիությունը մշակել և իրականացնում է Ռուսաստանի հետ հակադրության քաղաքականություն, ձգտելով միաժամանակ համագործակցել ԱՄՆ-ի հետ ընդդեմ Մոսկվայի, սակայն, մյուս կողմից էլ, Ռուսաստանի նկատմամբ իրագործել ինքնուրույն քաղաքականություն։ Չինաստանի համագործակցության մասով Ռուսաստանն զգաց, որ չնայած առաջին կամ երկրորդ միջուկային տերությունը լինելու իր կարգավիճակին, ինքն ավելի ու ավելի է հայտնվում երկրորդական դերում։ Ամերիկացիները միանգամայն ճիշտ հաշվարկեցին, որ ռուս-չինական դաշինքը կլինի ավելի շուտ վիրտուալ, քան իրական, և Չինաստանը առաջին ջութակը կլինի այդ դաշինքում։ Ամերիկյան և բրիտանական քաղաքական ծրագրավորողները դեռ մի քանի տարի առաջ կանխատեսել էին ռուս-չինական հարաբերությունների զարգացման արդյունքները և եկել համապատասխան եզրահանգման։ Ռուսական քաղաքականության մեջ եվրոպական և չինական վեկտորները կարելի է գնահատել ակնհայտորեն «տապալված», ըստ որում, վրացական հարցում Եվրամիությունն ու Չինաստանը հանդես եկան գործնականում համարժեք դիրքորոշումներով։ Ելնելով դրանից` Ռուսաստանը շանս ունի ձեռք բերելու նախընտրելի դիրքեր ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, բայց միայն Կենտրոնական ու Հարավային Ասիայում նոր խաղարկային իրավիճակ ստեղծելու դեպքում։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ այդ խաղին մասնակցում է Հնդկաստանը` ավելի ամորֆ, բայց արդյունավետ «իսլամական ուժային կենտրոնը»` ի դեմս Սաուդյան Արաբիայի և Պակիստանի։ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Կենտրոնական Ասիայում գերակշռություն ձեռք բերեն ԱՄՆ-ը կամ Չինաստանը, սակայն միաժամանակ հասկանում է, որ միանշանակ հակադրության դեպքում տանուլ կտա։ Միևնույն ժամանակ Մոսկվայի նպատակները կարող են համապատասխանել կամ չհամապատասխանել այդ տերությունների նպատակներին, ինչն անհրաժեշտ է օգտագործել այդ տարածաշրջանի շատ դինամիկ քաղաքական զարգացումներում։ ԱՄՆ-ի համար էլ շատ կարևոր են այդ պայմանավորվածությունները, որովհետև Աֆղանստանը և Պակիստանը դարձել են ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր ուղղությունները, և Բարաք Օբաման այդ տարածաշրջանում խնդիրների լուծման հետ է կապում շատ բան, միգուցե ամենագլխավորն իր արտաքին քաղաքականության մեջ։ Այդ շահերը բավականաչափ արտահայտված են, ինչը, սակայն, չի բացառում Մոսկվա-Վաշինգտոն քաղաքական համագործակցության «տապալման» հնարավորությունը։ Վերոնշյալ հանգամանքները, անշուշտ, պայմանավորում են, որ ցանկացած, նույնիսկ ամենասկզբունքային համաձայնագրերն ու պայմանագրերը կլինեն անկայուն, բայց եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատվեն քիչ թե շատ կայուն հարաբերություններ, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ Հարավային Կովկասի դերի ու տարածաշրջանին վերապահված գործառույթների առումով։
Կովկասյան-Կասպիական տարածաշրջանում էներգակոմունիկացիոն համալիրը ստեղծելու հիմնական խնդիրները լուծելուց հետո ԱՄՆ-ը և նրա գործընկերները հնարավորություն են ստացել ավելի մեծ ուշադրություն դարձնելու այն հարցերին, որոնք, այնուհանդերձ, ենթակայացված են նավթի և գազի արդյունահանման հետ կապված հարաբերություններին։ Քաղաքական և պաշտպանական նշանակություն ունեցող այդ խնդիրների կողքին գնալով ավելի ինքնուրույն նշանակություն է ձեռք բերում ռազմական տրանզիտի պրոբլեմը, որից շատ կողմերով կախված է ԱՄՆ-ի քաղաքականության հաջողությունը Կենտրոնական ու Հարավային Ասիայում։ Ընդ որում, Հարավային Կովկասով ռազմական տրանզիտի հաջողությամբ է պայմանավորված լինելու նաև Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը։ Այսինքն, Թուրքիան այդ դեպքում նշանակալիորեն կորցնելու է իր գեոռազմավարական նշանակությունը։ Կասկած չկա, որ ԱՄՆ-ը հետագայում էլ ամրապնդելու է դիրքերը Հարավային Կովկասում թեկուզ այն պատճառով, որ այդպիսի «միջանցքի» առկայությունը հնարավորություն է տալիս Ռուսաստանի հետ պայմանավորվել նրա տարածքով տրանզիտ իրականացնելու վերաբերյալ։ Հարավային Կովկասը, որոշ պայմաններից ելնելով, չի կարող դիտարկվել իբրև առավել արդյունավետ կամ համարժեք ուղղություն տրանզիտի առումով, ընդ որում, ոչ միայն ռազմական, այլև տնտեսական։ Առանձնապես լավ չէ օդանավակայանների տեխնիկական հագեցվածությունը, գոյություն ունի բեռնաթափման և վերաբեռնման, բեռների անվտանգության ապահովման խնդիր, քաղաքական բնույթի ռիսկեր, և այդ ամենը տարածաշրջանին վերապահում է տրանզիտային առումով ոչ բարենպաստ դերակատարություն։ Կասկածներ կան, որ Հարավային Կովկասը ռազմական տրանզիտի սխեմաների ձևավորման բոլոր փուլերում էլ դիտարկվել է իբրև ռեզերվային, բայց ոչ հիմնական ուղղություն։ Ընդհանրապես, դա բնորոշ է ամերիկյան և եվրոպական գեոռազմավարությանը` նավթի և գազի արտահանման այլընտրանքային ուղիներ ապահովելու առումով։ Եվրոպական առաջատար պետությունները, և ամենից առաջ Գերմանիան, հարավկովկասյան ուղղությունը դիտարկել են պահեստային բեռնափոխադրումների տեսանկյունից` առաջնություն տալով ռուսական կոմունիկացիաներին, որոնք ավելի էժան են ու հուսալի։ Եթե հարավկովկասյան կոմունիկացիոն ուղղությունները լիովին բավարարեին ԱՄՆ-ին իր խնդիրները լուծելու համար, ապա այդքան հապշտապ և համառորեն չէր լինի այլընտրանքային ուղիների որոնումը, փորձեր չէին արվի նոր հարաբերություններ կառուցելու այն պետությունների հետ, որոնք լուրջ տրանզիտային հնարավորություններ ունեն։
Միևնույն ժամանակ, եթե ԱՄՆ-ը հարմարվի ռուսական և եվրասիական կոմունիկացիաների համակարգին, դա կարող է հանգեցնել նրա քաղաքականության նկատելի փոփոխության Հարավային Կովկասում և միգուցե նույնիսկ սևծովյան ավազանում։ Ռուսաստանը շատ մտահոգ է Սև ծովում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումից, և եթե ԱՄՆ-ի ծրագրերն այստեղ չունենան նույնքան էքսպանսիվ առճակատման բնույթ, դա կարող է հանգեցնել ռուս-թուրքական «դաշինքի» ձևավորման նկատմամբ ռուսական հետաքրքրության թուլացման, քանի որ դրա նպատակը միայն ԱՄՆ-ի էքսպանսիան սահմանափակելն է։ Այսինքն, ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանային տերությունների, ամենից առաջ Թուրքիայի, Իրանի և Պակիստանի ազատության աստիճանի նվազման իրենց գործողություններում։ Միաժամանակ հենց Թուրքիան, ոչ թե Իրանը, ամենից առաջ կզգա այդ գործընթացների հետևանքները, քանի որ նրա քաղաքականությունն է ավելի սերտ կապված ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ և առավել էքսպանսիվ է, քան այլ երկրներինը։
Կարելի է ենթադրել, որ այդ գործընթացները կհանգեցնեն Հարավային Կովկասում ներկա իրավիճակի «պահածոյացման» և որոշակի կայունության հաստատման։ Միաժամանակ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը շահագրգռված չեն լինի նախաձեռնություններ առաջ քաշելով հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման առումով, քանի որ այդ հակամարտությունների դերը երկու տերությունների քաղաքականության մեջ զգալիորեն կնվազի։ Նույնը վերաբերում է Եվրամիության քաղաքականությանը, քանի որ Բրյուսելը դեռևս համադրում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում Վաշինգտոնի ու Մոսկվայի դիրքորոշումներին։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կնախընտրեն շարունակել հակամարտությունների կարգավորման բանակցային իմիտացիան ինչպես վրացական խնդիրների, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված։ Տարածաշրջանում քաղաքականության լճացում լինել չի կարող, քանի որ Հարավային Կովկասը, միևնույն է, շարունակելու է կատարել որոշակի, իր համար այլևս ավանդական գործառույթները։
Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ ԱՄՆ-ը, մասամբ նաև Մեծ Բրիտանիան, շարունակում է իրականացնել դերաբաշխման որոշակի քաղաքականություն Հարավային Կովկասում, ինչը երբեմն այլ իմաստային նշանակություն է ձեռք բերում։ Դիտարկելով բազմաթիվ, բայց բովանդակային առումով ոչ այնքան բազմերանգ հրապարակումներն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի «ուղեղային կենտրոններում», կարելի է արձանագրել, որ որոշակի նախագծերում նշված է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական ու Հարավային Ասիայի տարածաշրջաններում որոշ գործընկերների և դաշնակիցների հետ հարաբերությունների վերանայման անհրաժեշտության մասին։ Նոր դաշինքների ու միավորումների ձևավորումը, պետական սահմանների վերաձևումն արդեն դարձել են առաջնորդող գաղափար որոշակի շրջանակ ներկայացնող քաղաքագետների և վերլուծաբանների համար։ Սակայն այդ դոկտրինը հնարավոր է իրագործել կա՛մ սուր հակադրությամբ, կա՛մ էլ որոշակի պայմանավորվածությունների պայմաններում միայն։
Նկատի ունենալով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հնարավոր համագործակցության հեռանկարը տարածաշրջանի կտրվածքով, Հայաստանի սկզբունքային թուլացումը բացարձակապես անիմաստ է դառնում, ինչը կարող էր տեղի ունենալ ղարաբաղյան տարածքներից հրաժարվելու քաղաքականության պարտադրման պարագայում։ Այս հիմնախնդրի կարգավորման ցանկացած փորձ անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի ակտիվացմանը, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում նոր դիրքեր նվաճելու նրա փորձերին, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի շահերին։ Թուրքիայի այդպիսի քաղաքական ակտիվությունից բացի, որը գործնականում հրահրեցին սկզբում Ռուսաստանը, իսկ այնուհետև ԱՄՆ-ը` 2008-ի վերջից 2009-ի սկզբից, գոյություն ունի վտանգ, որ Հայաստանը կզրկվի առանց այն էլ ոչ այնքան ուժեղ դիրքերից` նկատի ունենալով թուրք-ադրբեջանական դաշինքի գոյությունն ու նրա մտադրությունները։ Եթե Հայաստանին հարկադրվեն զիջել Ղարաբաղը, դա կհանգեցնի բացարձակապես այլ ռազմաստրատեգիական իրավիճակի տարածաշրջանում, երբ հայ-ռուսական ռազմական և քաղաքական համագործակցության գոյությունը կդառնա անիմաստ։ Սա իր հերթին կվերածվի պրոբլեմի արևմտյան հանրության, Ռուսաստանի և Իրանի համար։
Առայժմ չկան բավարար նախադրյալներ, որպեսզի Եվրասիայում սկսի ձևավորվել նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, և օվկիանոսյան տերությունները չեն կարող հրաժարվել Եվրասիայի խորքը թափանցելու իրենց ծրագրերից։ Սակայն առաջանում են նոր պայմաններ, երբ ընդհանուր շահեր կստեղծվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև` Եվրամիության մասնակցությամբ։ Այդ իմաստով անհնար է չտեսնել ԱՄՆ-ի ձգտումն Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ փնտրելու առումով, որպես մի պետության, որը գտնվում է խորքային պաշտպանության մեջ, և որի էքսպանսիան շատ թույլ ու անորոշ է արտահայտված ու վտանգ չի ներկայացնում ռազմավարական հեռանկարի առումով։ Հայաստանի համար այս պայմաններում հասել է պահն ավելի ակտիվ և համադրված արտաքին քաղաքականության, որը պետք է իրականացնենք` չվախենալով «հանգույցների» և «պարտավորությունների» կառուցման նոր սխեմայում հայտնվելուց։ Հնարավոր է, որ բազմավեկտոր քաղաքականության իրականացման ժամանակը հասել է` ելնելով ոչ թե կիսագրագետ քաղաքական գործիչների և մեկնաբանների ելույթներից, այլ իրականում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ